Ապրիլի 21-ին Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսաքին մամլո ասուլիսին պատասխանել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին, թե արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր նախընտրական խոստումը և կիրառել ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթը ապրիլի 24-ի ավանդական իր հայտարարության տեքստում.
''Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին՛՛, - աասել է Փսաքին:
Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով ՛՛Մեծ եղեռն՛՛, ՛՛աղետ՛՛, ՛՛ողբերգություն՛՛ բառերը, բացառությամբ 1981 թ.-ի, երբ ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթը օգտագործեց ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: Այս օրերին ամերիկացի օրենսդիրները հորդորում են նախագահ Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 21-ին Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 կոնգրեսականներ հայկական հանձնախմբի առաջնորդների գլխավորությամբ համատեղ նամակ են հղել նախագահ Բայդենին` հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ նույնանման նամակ Սպիտակ տուն են հղել ԱՄՆ Սենատի 38 անդամներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի գլխավորությամբ: Վերջինս ապրիլի 21-ին Ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես նշել է.
«Անձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Բայդենին, պատմությանն արդար կերպով առերեսվելու եւ Ցեղասպանության պատմական փաստն ընդունելու մեր կոչերը հարգելու համար: Մի բան, ինչն ԱՄՆ- կառավարության կողմից երբեք պետք է մերժված չլիներ, երբեք պետք է անտեսված չլիներ ու երբեք պետք է այլ կերպ բնութագրված չլիներ՛՛,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:
Իր հերթին ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին ևս արձագանքել է Բայդենի վարչակազմի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին տեղեկությանը: Սենատորն ընդգծել է՝ Բայդենի վարչակազմն իրավացիորեն ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում է դրել մարդու իրավունքների խնդիրը: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ուղերձ է կհանդիսանա բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ կարող են ոճրագործություն գործել ու խուսափել պատժից:
Առանձին բաց նամակով ԱՄՆ-ի նախագահին է դիմել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը, ով իր բաց նամակն ընթերցել է Ներկայացուցիչների պալատի նիստին: Իր նամակում կոնգրեսականը կոչ է արել նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը.
''Հարյուր հազարավոր ամերիկահայերի, ցեղասպանությունից մազապուրծ փրկված երեխաների ու թոռների անունից ես խնդրում եմ Ձեզ. պահեք այդ խոստումը: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը'',- գրել է կոնգրեսականը:
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահին նամակով են դիմել նաև պատմաբանների մի խումբ: Կարևորելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նախագահի վճռորոշ դիրքորոշումը՝ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակի միջոցով ցանկացել է, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեն ՛՛ցեղասպանություն՛՛ բառը գործածելու հարցում:
Իր պատասխան նամակում ԱՄՆ-ի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, բարձր է գնահատել շփման հնարավորությունը:
''Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ'',- նշված է Սպիտակ տան արձագանքում:
Սպիտակ տուն պատամաբանների նամակը փոխանցելու հարցում ներգրավված ցեղասպանագետ ու պատմաբան Անահիտ Խոսրոևան կարևորում է նամակի փոխանցումն ու Սպիտակ տան արձագանքը:
՛՛Նամակի մեջ պատմաբանները չէին փորձում համոզել ԱՄՆ նախագահին, թե արդյոք եղել է ցեղասպանություն, թե ոչ: Նամակի մեջ հստակ ասվում է, որ դա կատարված փաստ է, և մենք որևէ բան ապուցուցելու չունենք: Խնդիրը նրանում էր, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակվում է արդեն 106 տարի և բերում է նոր ցեղասպանական գործողությունների Թուրքիայի կողմից, քանի որ այն մնում է անպատիժ՛՛,- ասում է Խոսրոևան:
Վարչակազմի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը ակտիվորեն քննարկվում է նաև ամերիկյան ու համաշխարհային մամուլի էջերում: New York Times-ը, Wall Street Journal-ը, The Guardian, CNN, The Bostone Globe և բազմաթիվ այլ խոշոր լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, գրում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ CNN-ի՝ ՛՛Բայդենը որոշել է, որ Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները, որոնք միևնույն է վատթարացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, չպետք է խոչընդոտ լինեն ավելի քան մեկ դար առաջ հայերի ծանր վիճակը հաստատող եզրույթի օգտագործման համար և պետք է հավատարմության ազդանշան հանդիսանան մարդու իրավունքների հանդեպ ստանձնած պարտավորություններիում՛՛,- գրում է CNN-ը:
Իր հերթին New York Times-ը ընդգծում է, որ այսպիսով նախագահ Բայդենը, կարծես, փորձում է ի ցույց դնել իր վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնասյան՝ մարդու իրավունքների առաջնահերթությունն ու դրա հանդեպ իր ունեցած նվիրվածությունը:
Ցեղասպանության հնարավոր ճանաչումը ամերիկյան վարչակազմի կողմից ողջունել են ամերիկահայ շրջանակներն ու պաշտոնական Երևանը: ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը իր հարցազրույցում նշել է, որ խոսքը չի գնում Հայաստանի կամ Թուրքիայի մասին, այլ սա վերաբերում է անցյալի, ներկայի և ապագա ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ստանձնած պարտավորություններին:
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությւոններին վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հանդես է եկել հայտարարությամբ, ուր զգուշորեն լավատեսություն է հայտնել մամուլի հաղորդումների կապակցությամբ: Ըստ նրա՝ ճանաչումը կկասեցնի Թուրքիայի կատարած հանցագործության հարցում արդարության դեմ առկա խոչընդոտները, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքն ու ագրեսիան:
Իր հերթին Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ընդգծել է, որ այս ապրիլի 24-ը ԱՄՆ-ի համար առանցքային պահ է մարդու իրավունքների ոլորտում: Նա հույս է հայտնել, որ այս տարվա ապրիլի 24-ի Սպիտակ տան հայտարարությունը կարտացոլի Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն մեծացնում է ԱՄՆ-ի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում, այլ նաև օգնում կանխել ապագա ցեղասպանությունները:
Իսկ ահա Անկարան նախազգուշացրել է, որ այս քայլը է՛լ ավելի կվատթարացնի ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև կապերը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ նման հայտարարությունները, որոնք չունեն իրավական պարտավորություն, անօգուտ են, բայց կարող են վնասել երկրների միջև հարաբերությունները: Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է սրել հարաբերությունները, ապա որոշումն իրենցն է, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը:
https://www.amerikayidzayn.com/a/5863561.html