Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Փաշինյան
Friday, May 14, 2021Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական բախում հրահրելն է, խնդիրը մի տեղանքի, մի բլուրի վերաբերյալ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ նիստում:
«Մայիսի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող մի շարք խմբեր հատել են ՀՀ սահմանը և փորձել են դիրքավորվել ՀՀ տարածքում: ՀՀ զինված ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին ՝տարբեր խորությունների վրա»,-հիշեցրեց Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին: Փաշինյանը կարևոր արձանագրում համարեց նաև այն, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևմտյան և արևելյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է բոլոր տեղանքներից:
«Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք, վերլուծելով իրավիճակը, որոշում ենք կայացրել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները»,-ասաց նա;
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:
https://armenpress.am/arm/news/1052370.html