Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների մեջ խուճապ տարածել
Monday, July 31, 2023Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։
Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։
ԱԱԾ-ն բնակիչներին հորդորում է կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: