Ադրբեջանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար. Երևանում մեկնարկել է արցախահայության իրավունքներին նվիրված համաժողով
Wednesday, June 1, 2022Ադրբեջանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականին Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո իրականացված հանցագործությունների համար, ինչը խրախուսում է Ադրբեջանի կառավարությանը շարունակելու Արցախի հայ բնակչությանը էթնիկ և ռասսայական խտրականության ենթարկելու, նրանց դեմ ատելության խոսքը խթանելու և Արցախի հայերին իրենց հիմնարար իրավունքներից զրկելու իր ագրեսիվ քաղաքականությունը:
Համաժողողովի հիմնական կազմակերպիչը «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունն է՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Արցախի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ գործընկերությամբ: Ներկայացուցչական այս ֆորումին առկա կամ հեռավար ձևաչափով մասնակցելու են ավելի քան երեսուն հեղինակավոր գիտնականներ և իրավաբաններ աշխարհի 16 երկրից:
Խոսելով համաժողովի կարևորության մասին՝ համաժողովի համակարգող Էմիլիա Միքայելյանը հիշեցրեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված կանխամտածված լայնածավալ ռազմական հարձակման մասին՝ հիշեցնելով վարձկան ահաբեկիչների հետ միասին նրանց կողմից սպանված հազարավոր մարդկանց և տասնյակ հազարավորների, պատերազմի արհավիրքների և դրա հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամի մասին:
Միքայելյանը շեշտեց, որ Արցախի հայերն ուզում են ապրել ազատ՝ առանց վախի, որ կրկին բռնության ու էթնիկ զտումների կենթարկվեն Ադրբեջանի կառավարության կողմից: Մինչդեռ Ադրբեջանը, չենթարկվելով որևէ պատասխանատվության իր պատերազմական հանցագործությունների համար շարունակում է խթանել ատելությունն ու ատելության խոսքը հայերի դեմ և պարբերաբար խախտում 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը:
«Այս ամենի հետևանքն այն է, որ Արցախի հայերն ապրում են կատարյալ մեկուսացման մեջ և առերեսվում են շարունակական սպառնալիքների, ոտնձգությունների և էթնիկ զտումների շատ իրական վտանգի: Եվ ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել իր որևէ հանցագործության համար, ինչը խրախուսում է նրան շարունակելու Արցախի հայերին իրենց հիմնարար իրավունքների զրկելու իր ագրեսիվ քաղաքականությունը: Արդարության և ճշմարտության կենտրոնը կազմակերպել է այս համաժողովը իրավագիտական մտքի ներկայացուցիչներին համախմբելու և շատ անկեղծորեն քննարկելու այս ճգնաժամը, որը հետապնդում է Արցախի հայությանը երկար տարիներն», - պարզաբանեց համաժողովի համակարգողը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ Սահմանադրական դատարանի և անձամբ իր անունից երախտիքի խոսք հղելով նման ներկայացուցչական համաժողովի բոլոր կազմակերպիչներին և առաջին հերթին Արդարության և ճշմարտության կենտրոնի աշխատակազմին ներդրված ջանքերի և կատարված մեծ նախապատրաստական աշխատանքի համար: Արման Դիլանյանը շնորհակալություն հայտնեց նաև հայկական սփյուռքից ժամանած բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:
«Կարծում եմ, որ 15-ից ավելի երկրից միջազգային ճանաչված իրավագետների և միջազգային իրավունքի փորձագետների ու իրավապաշտպանների մասնակցությունը լավագույն ցուցիչն է առ այն, որ մոտակա օրերի ընթացքում քննարկվող թեմաներն այժմեական և կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև մեր միջազգային գործընկերների համար», - հայտարարեց ՍԴ նախագահը:
Դիլանյանի խոսքով՝ այսօր շատ հաճախ շրջանառվում է մի մոտեցում, համաձայն որի միջազգային իրավունքի զարգացումն ու որակավորումը համաշխարհային մակարդակում, քաղաքական մտքի ու ժողովրդավարության առաջխաղացմանը զուգընթաց, պետք է տաներ նրան, որ առաջադեմ մարդկությունը արդեն իսկ հաղթահարած լիներ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով որպես ծանր հանցագործություն բնութագրվող արհավիրքներից:
Ընդհանրապես, վերջին 70-80 տարվա ընթացքում, ասում է Սահմանադրական դատարանի նախագահը, այնքան է խոսվել մարդկության դեմ ծանր հանցագործությունների բաղադրիչների մասին, որ անկեղծ թվում էր, որ հայտնի «այլևս երբե՛ք» եզրույթը, վերջիվերջո, լիարժեք կիրագործվի: Այդուհանդերձ, դատավորն արձանագրում է, որ այսօր էլ իրավագետները սեփական փորձով ականատեսն են դառնում այլատյացության քարոզչության, ծայրահեղական ազգայնական գաղափարախոսության առաջմղման, կրոնական անհանդուրժողականության և այլ դատապարտելի երևույթների դրսևորումներին: Հետևաբար, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նաև այդ առումով է արժևորում Արցախի բնակչության մարդու իրավունքներին և պատերազմի հետևանքների հաղթահարմանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպումն ու առաքելությունը:
Եռօրյա համաժողովի շրջանակներում, ինչպեղ հաղորդեց համակարգող Էմիլիա Միքայելյանը, փորձագետների զեկույցներից բացի՝ կներկայացվեն նաև պատերազմի ականատեսների վկայությունները, որոնք ուսումնական տարվա ընթացքում հավաքել են Ճշմարտության և արդարության կենտրոնի ուսանողները 2020-ի պատերազմից տուժած մարդկանցից, այդ թվում՝ տեղահանված արցախցիներից և ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներից:
https://armenpress.am/arm/news/1084856.html