Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ
Monday, October 3, 2022Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերին, ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն չունի հանրային հարթակում որևէ հայտարարություն անելու դեպքերի ու տեսանյութերի վերաբերյալ, բայց նման հարցերը գտնվում են իրենց մշտական հսկողության տակ:
«44-օրյա պատերազմի և 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց մենք ամիսը մեկ անգամ այցելում ենք և փորձում ենք այդ պարբերականությունը պահել: Այցելությունների ընթացքում գերիներին ենք փոխանցում հարազատներից տեսանյութեր, նամակներ, զանգի հնարավորություն, և հակառակը»,- նշեց նա: