Ադրբեջանական կողմը փորձել է հատել շփման գիծը, իրադրությունը լարված է. Արցախի ՊՆ
Monday, August 1, 2022Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը առավոտից սադրանքների է դիմել` շփման գիծը հատելու փորձեր ձեռնարկելով, հայտնում է Պաշտպանության բանակը: Ըստ Արցախի ՊՆ-ի` չնայած այդ փորձերը կասեցվել են, իրադրությունը շարունակում է մնալ լարված: Հայկական կողմից կորուստներ չկան:
Կատարվածի մասին Արցախի պաշտպանական կառույցը տեղեկացրել է ռուս խաղաղապաների հրամանատարությանը:
Բաքուն հերքել է հայկական կողմի այս պնդումները: «Լրատվամիջոցների հաղորդումները, թե իբր ադրբեջանական բանակը կրակ է բացել ապօրինի հայկական զինված ուժերի ուղղությամբ, սադրանք է և սուտ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հատուկ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ ուժերն այդ տարածքում ժամանակավոր են տեղակայված։
Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Արցախի սահմաներին իրադրությունը թեև մնում է լարված, բայց օրվա առաջին կեսին տեղի ունեցած սադրանքներից հետո այս պահին մարտեր չկան:
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ, իր հերթին, հավաստիացրել է, որ «ամեն ինչ գտնվում է» հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո` հորդորելով խուճապի չմատնվել ու չանհանգստանալ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտելու մասին Ադրբեջանից պարբերաբար մեղադրանքներ էին հնչում, որոնք հայկական կողմը հերքում էր:
Միայն երեկ պաշտոնական Երևանը երկու, Ստեփանակերտը մեկ անգամ հերքեցին Բաքվի հայտարարությունները, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ հայկական զինված ուժերը հրաձգային զենքից «ինտենսիվորեն գնդակոծել են» հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի և Լաչինի հատվածներում, իսկ Հադրութի շրջանում էլ Արցախի ուժերն են կրակել: Բաքվից նույն մեղադրանքները հնչել էին նաև շաբաթ օրը։ Իսկ դրանից առաջ հայկական կողմն էր հաղորդել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին, ընդ որում ռուս խաղաղապահներն ավելի ուշ հաստատեցին, որ ադրբեջանցիները իսկապես հինգշաբթի օրը Թաղավարդի ուղղությամբ խախտել էին հրադադարը։
Այսօր արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Լոռու մարզում էր, չնայած լսեց, բայց այդպես էլ չարձագանքեց սահմանային իրավիճակի մասին «Ազատության» հարցին:
Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատահական չի համարում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտելու մասին Ադրբեջանից հնչող պարբերական մեղադրանքերն ու հայկական կողմի հերքումները. «Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը ակտիվ տեղեկատվական նախապատրաստության փուլում է, որը, որպես կանոն, նախորդում է սադրանքներին, Աստված մի արասցե, ագրեսիային»:
Աբրահամյանը երկու տարբերակ է առաջ քաշում. «Հնարավոր է, որ Ադրբեջանը, դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող գործընթացից` առանձին կլինի Հայաստան-Ադրբեջան մակարդակում, առանձին կլինի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում, գնում է ակնհայտորեն շանտաժի ճանապարհով, սպառնալով Հայաստանին նոր գործողություններով», - ասաց նա, - «Կա երկրորդ դիտարկումը, որը շատ ավելի մտահոգիչ եմ համարում, դա հետևյալն է` ՀՀ իշխանությունները, հասկանալով հնարավոր դիմակայությունը կամ պոռթկումը հասարակական, ցավալի զիջումների կգնան ոչ թե խաղաղ ճանապարհով, այլ Ադրբեջանի հետ իմիտացիա` մարտական գործողությունների իմիտացիա խաղարկելով, որի արդյունքում ադրբեջանական զորքերը կհայտնվեն այն հատվածներում, որոնք կուլիսներում բանակցվել են»:
Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ Արմեն Խաչատրյանը կտրուկ հերքում է ընդդիմադիր գործընկերոջ վերջին վարկածը՝ բավական սուր արձագանքելով քննադատությանը:
«Դա վարկած չի, դա ցնդաբանություն է, ես չեմ էլ մեկնաբանի, արդեն իմ որակավորման մեջ պարզ է, թե ես ինչպես եմ վերաբերվում», - նշեց նա:
Հարցին, թե բացառո՞ւմ է ինչ-որ պայմանավորվածությունների առկայությունը, ասաց. «Ես նույնիսկ կարիք չեմ համարում պատասխանել այդ հարցին»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի մեղադրանքերին, իշխանական պատգամավորը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է հայկական կողմը խախտեր հրադադարի ռեժիմը. «Դա անտրամաբանական է, հայկական կողմն ընդհանրապես նման գործելաոճի պատճառ չունի հասկանալի պատճառներով: Սովորական, ինֆորմացիոն դաշտում իրենց հերթական սադրանքներն են միջազգային կամ նաև իրենց հանրությանը ինչ-որ բաներ ներկայացնելու համար»:
«Տեղին չէ որևէ սպառնալիք թերագնահատել, որը կա Հայաստանի առջև». վերլուծաբան
Շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության ժամանակ հրամայել էր «ցանկացած պահի վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը»: Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն կոչ արեց երկրի բնակչությանը զերծ մնալ ռազմական շարասյուների տեղաշարժը պատկերող կադրերի հրապարակումից։ Բաքվի պնդմամբ՝ վերջին օրերին համացանցում հայտնվածները հին կադրեր են։
Քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանն ասում է՝ որևէ սպառնալիք չպետք է թերագնահատել. «Տեղին չէ որևէ սպառնալիք թերագնահատել, որը կա Հայաստանի առջև: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է իրերը հավաքել և հեռանալ Հայաստանից, բայց սա նաև չի նշանակում, որ պետք է թերագնահատել որևէ սպառնալիք, իսկ այդ սպառնալիքները, ըստ իս, բավականին իրատեսական են», - նկատեց նա:
Իր հերթին Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն է այցելում զորամասեր ու ստուգումներ անցկացնում զորամիավորումներում: Դրանց նպատակը, ըստ Պաշտպանության նախարարության, զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները ստուգելն է, այս ընթացքում նաև կրակի կառավարման մարզումներ են անցկացվում։
Այսօր էլ Ստեփանակերտը հայտնեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել: Արցախի պաշտպանության նախարարը զեկուցել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին։
https://www.azatutyun.am/a/31968861.html