Ադրբեջանական անցակետից առևանգված երեք ուսանողները վերադարձվեցին հայկական կողմին
Thursday, September 7, 2023Ադրբեջանական անցակետից առևանգված երեք ուսանողները՝ Վահեն, Ալենը և Լևոնը վերադարձվեցին հայկական կողմին։ «Ազատության» Սյունքիում աշխատող թղթակիցը պատմում է՝ Հակարիի կամրջից այս կողմ՝ Կոռնիձորում նրանց էին սպասում Հայաստանում ապրող արցախցիներ:
«Հայկական կողմը տղաներին սպասում էր 15:30-ին, բայց ադրբեջանական կողմը 2,5 ժամ ուշացումով նրանց փոխանցեց սահմանապահ զորքերին: Հայկական անցակետում նաև արցախցի ուսանողների ընկերներն էին սպասում, նրանք ասացին, որ տեսել են արցախցի ուսանողներին և հասցրել են միայն բարևել և ենթադրեցին, որ տղաներին սահմանապահ զորքերի աշխատակիցները կտանեն Երևան», - պատմեց Տիգրան Հովսեփյանը:
Տղաների ծնողները Արցախում են և Բաքվից վերադարձված իրենց որդիներին գրկելու հնարավորություն չունեն։ Մինչև այժմ հեռախոսով էլ չեն կարողացել խոսել նրանց հետ:
Վահեի հայրն ասում է՝ «քանի չեմ խոսել, չգիտեմ հավատամ, թե՝ ոչ»: Որդին նոր է ուսանող դարձել. Տնտեսագիտական համալսարանում արդեն դասի պիտի լիներ. - «Ընդունվել ա, բնակ գնացել-եկել, գալիս էր, որ շարունակի սովորելը»:
Ալենը Ագրարային համալսարանի ուսանող է, Լևոնը՝ Պոլիտեխնիկի առաջին կուրսում, Լևոնի ծնողները նույնպես դեռ տղայի ձայնը չեն լսել:
20-22 տարեկան արցախցի ուսանողները տասն օր առաջ Արցախից ռուս խաղաղապահների մեքենայով Երևան ուսանելու էին գալիս, ադրբեջանական կողմը բռնությամբ առևանգեց նրանց, հետո մեղադրանքը տարածեցին, թե երեք տղաները՝ Մարտունու ֆուտբոլի թիմի խաղաղացողներ երկու տարի առաջ «անարգել են ադրբեջանական դրոշը»։
Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց, որ հումանիզմ կդրսևորեն, հաշվի առնելով տղաների տարիքը և նրան անկեղծ զղջումը։ Նրանք 10 օրով կազատազրկվեն ու կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։ Այսօր հենց տղաների առևանգման 10-րդ օրը լրացավ։
Արցախի օմբուդսմենի տեղեկացմամբ՝ տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
«Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի պաշտպանի հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն», - հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
Գեղամ Ստեփանյանն այսօր տարածած հայտարարության մեջ հիշել է նաև Հակարիի ադրբեջանական անցակետից առևանգված երկու արցախցիներին՝ Վագիֆ խաչատրյանին և Ռաշիդ Բեգլարյանին, մեկը Կարմիր խաչի մեքենայով Երևան բուժվելու էր գալիս, մյուսը փորձել էր Արցախի բլոկադան ոտքով ճեղքել ու Հայաստան գալ, այժմ երկուսն էլ Բաքվում են՝ անազատության մեջ:
«Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարուցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար», - նշել է օմբուդսմենը։
Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ այդ անցակետը ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիք է դարձել, առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։