ԱԱԾ-ն պատերազմում վարձկանների մասնակցության մասին շուրջ 250 տվյալ է ներկայացրել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն
Friday, March 4, 2022Ազգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը:
Նա նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արձանագրությունը ստորագրած 42 պետություններից ներպետական ընթացակարգերն ավարտել ու արձանագրությունը ուժի մեջ է մտել 24 պետությունների համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրության վավերացումը որևէ նոր հնարավորություն կտա 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան միջազգային ատյաններում բարձրաձայնելու ու դատապարտելու համար:
Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ կարծում է ՝մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց ԱԱԾ-ն իր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել է միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել։
Գևորգյանը հարցրեց, թե կա արդյոք տեղեկություն, թե ինչ արձագանքներ են ստացվել։
Սամվել Հայրապետյանն էլ ասաց, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել:
«Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում նրանց (վարձկանների – խմբ․) մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով»,-հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
https://armenpress.am/arm/news/1077136.html