«Շատ պինդ տղաներ ունենք». գերեվարված 44 զինծառայողներին ուղեկցած բժիշկը մանրամասներ է պատմում
Tuesday, December 15, 2020Երեկ Հայաստան վերադարձավ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանի կողմից գերեվարված 44 անձ: Նրանք Բաքվից Երևան են տեղափոխվել ռուսական օդանավով: Հայ գերիներին ուղեկցելու էր մեկնել խումբ, որի կազմում էր նաև Երևանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բժիշկ Միքայել Սամսոնյանը: Factor.am-ի հետ զրույցում բժիշկ Սամսոնյանն ասաց՝ գերությունից վերադարձածների կյանքին վտանգ չի սպառնում, բայց բոլորը հոգեբանական աջակցության կարիք ունեն:
-Պարո՛ն Սամսոնյան, հրապարակված կադրերում երևում է, որ գերիների մի մասը դժվարությամբ էր քայլում։ Վնասվածքները պատերազմի՞ հետևանք են, թե՞ խոշտանգումների:
-Միանշանակ Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Ամեն դեպքում, երբ տղաների հետ զրուցում էինք, նրանց մեծ մասն ասաց, որ դա պատերազմի հետևանք է: Որքան էլ տարօրինակ է՝ խոշտանգումներ, նրանց խոսքով, քիչ են եղել: Բայց ես չեմ կարող ասել՝ նրանց փոխանցած տեղեկությունը վախի՞ ազդեցության տակ էր, թե՞ իրականում… չասեմ՝ լավ, բայց համեմատաբար լավ վերաբերմունք է եղել մեր գերիների նկատմամբ: Ամեն դեպքում, ունեինք վիրավորներ, կաղացող հիվանդներ:
-Ընդունենք, որ դա պատերազմի հետևանք է, իսկ նրանց համապատասխան բուժօգնություն ցուցաբերվե՞լ է:
-Բժշկական օգնություն ցուցաբերվել է: Տվյալ պահին չէի կարող գնահատել՝ պատշա՞ճ, թե՞ ոչ, ամեն դեպքում, հիվանդներից մեկն ունեցել է ոտքից վիրավորում՝ կոտրվածքով, որի վրա հավաքած է եղել Էլիզարովի ապարատ: Վերքի վիճակը բավարար չէր, բայց հիվանդի բարոյահոգեբանական վիճակը բավականին կայուն էր, ինչը շատ գովելի է մեր զինվորի համար: Սակայն հիվանդը հետագա բուժման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ կոտրվածքը բավականին երկար բուժում է պահանջում:
-Իսկ կայի՞ն ծանր վիճակով տեղափոխված գերիներ:
– Ծանր վիճակում ունենիք մի զինծառայող, որի ոտքի թաթի հատվածն ամպուտացված էր, դա պատերազմական վիճակով էր պայմանավորված: Հիմնական վիճակը կարելի է բավարար գնահատել, եթե հաշվի չառնենք, որ բավականին թվով գերիներ կարիք ունեն հոգեբանական աջակցության:
-Իսկ որքանո՞վ են ծանր հոգեբանական խնդիրները:
-Քանի որ ես մասնագետ չեմ, կդժվարանամ գնահատել։ Բայց, ամեն դեպքում, հոգեբանական օգնության կարիք, այսպես թե այնպես, մեր բոլոր հիվանդները կունենան, քանի որ երկար ժամանակ գտնվել են թշնամու գերության մեջ: Բայց շատ պինդ տղաներ ունենք։ Երբ բարձրանում էին ինքնաթիռ, չէին սպասում՝ հաջորդ քայլը ինչ է լինելու, ուր են գնալու, երբ ինքնաթիռի մեջ նրանց դիմավորում էին հայերեն խոսքով՝ «ո՞նց եք, տղաներ ջան», նրանց դեմքի արտահայտությունը պիտի տեսնեիք, ուրախության արցունքները… Չմանրանամ, կարճ ասեմ՝ հալալ է մեր տղաներին:
-Որպես բժիշկ՝ ինչպե՞ս կգնահատեք գերիների վնասվածքները, ի՞նչ տեսակի էին:
-Գերիների մի մասը վնասվածք չուներ, որովհետև նրանց մեջ նաև քաղաքացիական անձինք կային, որոնք ուղղակի գերեվարվել են:
-44-ից քանի՞սն էր վիրավոր:
-Մոտավորապես 10-ը, իսկ մի մասի վերքերը բավական լավացած էին արդեն: Երկու հոգու տեղափոխեցինք կենտրոնական հոսպիտալ, որովհետև ավելի նեղ մասնագիտական բուժման կարիք ունեին: Մյուսների հարցով հետագայում որոշում կկայացվի՝ նրանք տեղո՞ւմ բուժում կստանան, թե՞ ընդհանրապես բուժման կարիք չունեն կամ, գուցե, զուտ հոգեբանական աջակցության կարիք ունեն․․․ ընթացքը ցույցը կտա: Ամեն դեպքում, նրանց կյանքին, ըստ իս, վտանգ չի սպառնում:
https://factor.am/320968.html