«Իմ քայլը» լծվում է նախընտրական խոստումների իրականացմանը. Փաշինյանը շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին
Monday, December 10, 2018ԵՐԵՎԱՆ - Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքը լծվում է նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումների իրականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան: Այսօր ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության, արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական լինելու փաստը: Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ: Սա իսկապես Հայաստանի քաղաքացու կարևորագույն նվաճումն է: Այս ընտրությունները կարևոր և բացառիկ էին ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին: Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը: Որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը: Առաջիկայում տեղի կունենա ԱԺ-ի, նրա մարմինների, նոր կառավարության ձևավորումը, և մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասաց նա:
Փաշինյանը շնորհավորեց նաև խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական ուժերին:
«Ես ուզում եմ շնորհավորել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ԱԺ այս ընտրություններում, և ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը: Այս ընտրություններն ազգային միասնության ու համախմբման մի նոր առիթ պետք է դառնան: Ըստ էության, եկել է Հայաստանում արարման, ստեղծման, Հայաստանը ազատ և երջանիկ պետություն դարձնելու, տնտեսական հեղափոխությանը նոր թափ և ուժ տալու ժամանակը, և ես համոզված եմ, որ մենք իրար հետ միասին Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն, կհասնենք այդ նպատակներին, և ազգային երազանքների իրականացմանը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ մենք պահպանենք ու զարգացնենք Հայաստանում ժողովրդավարության քննարկման, բանավեճի մթնոլորտը, և մեր երազանքներն իրար հետ կիսենք, և այդ պրոցեսի արդյունքում դուրս բերենք համազգայինը, որը միավորում է բոլորիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց նաև ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիներին:
Source: https://armenpress.am/arm/news/957721.html