«Թարթառի գործի» նոր մանրամասներ․ ադրբեջանցի զինվորականները խոշտանգումների են ենթարկվել Հայաստանի համար լրտեսության մեղադրանքով
Tuesday, June 15, 2021BBC-ի ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանում զինվորականների զանգվածային խոշտանգումների մասին։ «Թարթառի գործ»՝ այսպես են անվանում 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին ադրբեջանական Թարթառի շրջանում տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների գործը։ Այդ ժամանակ ադրբեջանացի մի խումբ զինվորականների մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։
Խոշտանգումների են ենթարկվել 100-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, նրանցից 11-ը մահացել է։ Եվս 24 հոգի ազատազրկվել է։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ զինվորականներին տանում էին Թարթառի շրջան՝ խոտովանություն կորզելու։
BBC-ի ադրբեջանական ծառայությունը «Թարթառի գործի» մասին վավերագրական ֆիլմ է հրապարակել, զրուցել խոշտանգումների ենթարկված անձանց հետ։ Ըստ նրանցից մեկի՝ նախկին պայմանագրային զինծառայող Ռուսլան Մամեդովի, իրենց բերել են զորամաս, մերկացրել, այնուհետև ցույց տվել խոշտանգումների պատճառով մահացածներից մեկի դին՝ դրանով վախեցնելով իրենց։
«Ես նայում էի նրա մարմնին, դեմքը սարսափելի վիճակում էր, նույնիսկ վթարից հետո դեմքն այդպես չի այլանդակվում։ Ինձ ասացին՝ եթե չես ուզում նմանվել նրան, ուրեմն ընդունիր մեղքդ, կամ անուններ ասա։ Դռների հետևից լաց ու ճիչեր էին լսվում։ Նման էր սպանդանոցի, հատակն ամբողջովին արյուն էր»,- հայտնել է Մամեդովը։
Մամեդովը հրաժարվել է անուններ տալ։ Նրան խոշտանգել են 20 օր՝ ենթարկելով դաժան ծեծի, հանելով ոտքերի եղունգները, հոսանքահարելով և այլ կտտանքների ենթարկելով։ Որոշ զինվորականների էլ, բացի խոշտանգումների ենթարկելուց, սպառնացել են ծնողների ձերբակալությամբ, հարազատների խոշտանգմամբ։
Իրավապաշտպանները տեղի ունեցածի երկու պատճառ են անվանում. երկուսն էլ կապված են 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ։
Ըստ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի, ով շփվել է տուժած զինվորների հետ, ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ է առել Թարթառի շրջանի Սեյսուլան գյուղը, այդ մասին զեկուցվել է բարձրագույն հրամանատարությանը, սակայն ադրբեջանական կողմից ինչ-որ մեկը զինվորներին հրամայել է լքել գյուղը։ Սա, հավանաբար, տեղի է ունեցել դավաճանության հետևանքով, և իշխանությունները սկսել են փնտրել դավաճաններին ցանկացած մեթոդով։
Այս տարբերակն իրավապաշտպանին ավելի հավանական է թվում։ Խոշտանգումների ենթարկվածների մեծ մասն ապրիլյան պատերազմի մասնակից է եղել։
Երկրորդ վարկածն այն է, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ դավադրություն են կազմակերպել, որպեսզի ստվեր նետեն ապրիլյան պատերազմում իբր ադրբեջանական հաջողությունների վրա և կոտրեն զինվորների մարտական ոգին։
Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ խոշտանգողներն ինքնուրույն են զբաղեցրել Թարթառի շրջանում գտնվող հին վարչական շենքը և այնտեղ կտտանքների ենթարկել մարդկանց։
Խոշտանգող անձանց՝ 12 հոգու, դատապարտել են 3,5-10 տարվա ազատազրկման։ Այս տարվա ապրիլին նրանց գործերը վերադարձել են վերաքննիչ դատարան։ Իրավապաշտպանները պահանջում են ավելացնել նրանց դատապարտման ժամկետը։ Իսկ խոշտանգման զոհերի գործերն ապրիլին հասել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավապաշտպաններն իշխանություններից պահանջում են «Թարթառի գործով» նոր դատավարություն անցկացնել և համաներում շնորհել դավաճանության մեղադրանքով դատապարտվածներին։
Ըստ իրավապաշտպանների և քաղաքագետների՝ ադրբեջանական իշխանությունները հետաքրքրված են «Թարթառի գործով»։ Նրանք դա բացատրում են ուժայինների միջև ներքաղաքական պայքարով։ Իրավապաշտպան Լեյլա Յունուսը չի բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է այդ գործն օգտագործել ուժայինների շրջանում գործող խմբավորումներից մեկը տապալելու համար։
Իրավապաշտպանները պնդում են, որ խոշտանգումների գործելակերպը հնարավոր չէ արմատախիլ անել, եթե քայլեր չձեռնարկվեն։
https://www.shantnews.am/news/view/930609.html